Տէ՛ր, որո՞ւն երթանք: Դուն յաւիտենական կեանքի խօսքերն ունիս (Յովհ 6: 68):



Անդամակցի՛ր. ել-մակիդ հասցէն գրէ՛


Անգամ մը եւս դի՛ր ել-մակիդ հասցէն

















 

Դ. Օր պահոց Խաչին:

Պօղոս Առաքեալին կորնթացիներուն գրած Բ. նամակը 9,10-15.10,1-6.
Եւ Աստուած, որ սերմ է պարգեւում սերմնացաններին եւ ուտելու հաց, պիտի պարգեւի եւ պիտի բազմացնի նաեւ ձեր սերմնացուն եւ պիտի աճեցնի ձեր արդարութեան պտուղները։
Ամէն ինչում դուք պիտի հարստանաք ամենայն առատութեամբ, որ մեր միջոցով շնորհակալութեան զգացում է առաջ բերելու Աստծու հանդէպ.
որովհետեւ այս պաշտօնիս ծառայութիւնը ոչ միայն սրբերի կարիքները լրացնելու համար է, այլեւ շատերի միջոցով Աստծու հանդէպ շնորհակալութիւնը աւելացնելու համար։
Այս ծառայութեան փորձով շատերը պիտի փառաւորեն Աստծուն՝ Քրիստոսի Աւետարանը խոստովանելու հնազանդութեան եւ այն առատաձեռնութեան համար, որով հաղորդակից էք անում նրանց եւ ամենքին։
Եւ նրանց աղօթքները ձեզ համար են. քանզի անձկագին սիրում են ձեզ Աստծու այն առատ շնորհների համար, որ կան ձեր մէջ։
Եւ գոհութիւն Աստծուն՝ նրա անպատում շնորհների համար։
Եւ աղաչում եմ ձեզ Քրիստոսի հեզութեամբ եւ քաղցրութեամբ, ես ինքս՝ Պօղոսը, որ իբրեւ թէ խոնարհ մէկն եմ, երբ ձեր մէջ եմ, բայց երբ հեռու եմ ձեզանից, համարձակ եմ ձեր հանդէպ։
Աղաչում եմ, որ մօտ գտնուելիս էլ չլինի, թէ համարձակ լինեմ այդ նոյն վստահութեամբ կամ յանդուգն գտնուեմ ոմանց նկատմամբ, որ մեր մասին կարծում են, թէ մարդկային շարժառիթներից ենք մղւում.
որովհետեւ, թէպէտեւ մարմնի մէջ ենք ապրում, բայց մարդկային նկատումներից մղուած չէ, որ պայքարում ենք
(քանի որ պայքարելու մեր զէնքը մարմնաւոր չէ այլ՝ Աստծու կողմից տրուած զօրաւոր զէնք է՝ քանդելու համար ամրութիւնները).
քանդում ենք գաղտնի մտածումները, Աստծու գիտութեան դէմ գոռոզացած ամէն ծառացում եւ գերելով բոլոր մտքերը՝ հնազանդեցնում ենք Քրիստոսին
եւ պատրաստ ենք վրէժխնդիր լինելու ամէն անհնազանդութեան համար, որպէսզի ձեր հնազանդութիւնն էլ կատարեալ լինի։

Մարկոս Աւետարանիչին գրած Աւետարանը 9,13-28.
Եւ աշակերտների մօտ գալով՝ նրանց շուրջը տեսաւ մեծ բազմութիւն եւ օրէնսգէտներ, որոնք վիճում էին նրանց հետ։
Եւ իսկոյն ամբողջ ժողովուրդը, երբ տեսաւ նրան, զարմացաւ եւ, ընդառաջ վազելով, ողջոյն էր տալիս նրան։
Յիսուս աշակերտներին հարցրեց. «Ինչի՞ մասին էիք վիճում նրանց հետ»։
Ժողովրդի միջից մէկը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, քեզ մօտ բերեցի որդուս, որին մի համր չար ոգի բռնել է.
եւ ուր պատահում է, նրան գետին է զարկում. փրփրում է, ատամներն է կրճտացնում եւ ապա չորանում մնում է։ Քո աշակերտներին ասացի, որ հանեն, բայց չկարողացան հանել այն»։
Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Ո՛վ անհաւատ սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչեւ ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ. բերէ՛ք նրան ինձ մօտ»։
Եւ նրան բերեցին իր մօտ։ Երբ չար ոգին նրան տեսաւ, իսկոյն ուժգին ցնցեց տղային, որը, գետին ընկնելով, թաւալւում էր ու փրփրում։
Յիսուս հարցրեց նրա հօրը եւ ասաց. «Ինչքա՞ն ժամանակ է անցել այն օրուանից, ինչ այդ նրան պատահել է»։ Եւ նա ասաց. «Մանկութիւնից։
Շատ անգամ չար ոգին կրակի եւ ջրի մէջ է նետում նրան, որ կործանի. արդ, եթէ մի կերպ կարող ես, օգնի՛ր մեզ, Տէ՛ր, գթալով մեզ»։
Եւ Յիսուս նրան ասաց. «Ասացիր՝ եթէ կարող ես. ամէն ինչ հնարաւոր է նրա համար, ով հաւատում է»։
Երեխայի հայրը իսկոյն աղաղակեց եւ ասաց. «Հաւատում եմ, օգնի՛ր իմ անհաւատութեանը»։
Երբ Յիսուս տեսաւ, որ ժողովուրդը իրար վրայ է հաւաքւում, սաստեց պիղծ ոգուն եւ ասաց. «Դո՛ւ, հա՛մր եւ խո՛ւլ ոգի, ես հրամայում եմ քեզ, դո՛ւրս ելիր նրանից եւ այլեւս չմտնես դրա մէջ»։
Եւ չար ոգին ճչաց, ուժգին ցնցեց նրան ու դուրս ելաւ. եւ պատանին մեռելի պէս եղաւ, այն աստիճան, որ շատերը ասացին, թէ մեռաւ։
Յիսուս բռնեց նրա ձեռքից, բարձրացրեց նրան, եւ նա ոտքի կանգնեց։
Եւ երբ Յիսուս տուն մտաւ, աշակերտները, առանձին, հարցրին նրան. «Ինչո՞ւ մենք չկարողացանք հանել դրան»։
Եւ նա նրանց ասաց. «Այդ տեսակը ուրիշ բանով չի ելնի, եթէ ոչ ծոմապահութեամբ ու աղօթքով»։



Այս հատուածը առնուած է Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ պատրաստած տպագրութենէն








 
©Evangelizo.org 2001-2017